«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև
23.10.2025 | 12:06

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հայտնելով դրա բացման մոտավոր ժամկետը և հավելելով, թե Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ինչպես սովորաբար, «չնկատելու» տվեցին այն փաստը, որ Ալիևը կրկին օգտագործում է «միջանցք» եզրույթը, իսկ տարանցման արգելքի չեղարկումը ներկայացրին որպես «աննախադեպ առաջընթաց» և «խաղաղության հաստատման ապացույց»։

Սակայն անհրաժեշտ է հստակ արձանագրել՝ Բաքվի այս քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման դրսևորում չէ, այլ քաղաքական տակտիկա՝ ուղղված միջազգային հանրության աչքում բարենպաստ իմիջ ձևավորելուն։

Ակնհայտ է, որ տարանցման արգելքի վերացումը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։

Սակայն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման պահպանումը փաստում է, որ Ադրբեջանը շարունակում է ձգտել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային հաղորդակցություն հաստատելու՝ իր համար առավելություններ ապահովող լուծման։

Սա հակասում է ինչպես Հայաստանի պետական շահերին, այնպես էլ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Այդուհանդերձ, այս քայլը կարելի է դիտարկել որպես միջանկյալ փուլ՝ ապաշրջափակման գործընթացի շրջանակում։

Բայց մինչև չլինեն հստակ պայմանավորվածություններ սահմանային հսկողության, մաքսային ընթացակարգերի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ խաղաղության հաստատման մասին խոսելն առնվազն վաղաժամ է։

Երևանի լռությունը կամ չափազանց լավատեսական մեկնաբանությունները, ցավոք, նպաստում են «միջանցքային» օրակարգի լեգիտիմացմանը՝ վտանգելով Հայաստանի սուվերենության հիմքերը։

Բաքվի քայլը պայմանավորված չէ խաղաղության տրամաբանությամբ, այլ միջազգային հանրության ներգրավմամբ սեփական օրակարգը առաջ մղելու հաշվարկով։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ